Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Վեհափառ Հայրապետը, եկեղեցականներն ու հավատացյալները աղոթել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։ Հայրապետական մաղթանքի հնչյունների ներքո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնություն է բաշխել Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Մայր Աթոռում հավաքված մարդկանց:

 

Արաբկիրի Հայորդյաց տանը անցկացվել է «Մի գորգի պատմություն» խորագրով միջոցառում


Արաքս Մանսուրյանը, Շուշան Պետրոսյանը, Աննա Մայիլյանը, Արա Գևորգյանը, Սամվել Սևադան, Արմեն Ամիրյանը, Վազգեն Յակուբյանը, աճպարար Վարդան Ամիրյանը օգնել են Արաբկիրի Հայորդյաց տան սաներին գորգ գործել։ Գորգի ու կարպետի դասարանի սաները և հյուրերը վարպետաց դաս են անցկացրել, երկուստեք ներկայացրել են իրենց փորձն ու գիտելիքը:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հովհաննես Մկրտչի ու Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը


Հինգշաբթի օրը Շողակաթ եկեղեցու ուխտի, Հովհաննես Մկրտչի ու Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն է: Նրանց մասունքները Լուսավորիչն է իր հետ բերել Հայաստան: Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը Հովհաննես Մկրտչի մասունքով ժողովրդին օրհնություն բաշխելուց հետո այն հանձնել է Մայր Աթոռի լուսարարապետ Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին։ Եկեղեցական թափորը Սրբազան մասունքը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարից տեղափոխել է Սուրբ Շողակաթ եկեղեցի:

 

Հայորդյաց տների սաները նկարելով, երգելով ու խաղալով նշել են Հռիփսիմյանց կույսերի ու երեխաների տոնը


Հռիփսիմյանց կույսերի տոնին Երևանի, Աշտարակի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ, հաստատությունների հոգևոր սպասավորների, մանկավարժների հետ միասին նշել են եկեղեցական տոնն ու երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սուրբ Հռիփսիմե վանքի բակում տեղավորել են նկարչական պարագաներ, շախմատի տախտակներ, գորգ գործելու դազգահներ, ձեռքի աշխատանքի զանազան պարագաներ և նկարել են, գործել ու երգել: Ավելի ուշ երեխաներն ուղևորվել են Զվարթնոցի տաճար՝ տեսնելու ճարտարապետական գլուխգործոցը, որտեղ Հայորդյաց տների դհոլահարները ֆլեշմոբ են անցկացրել:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնը


Հռիփսիմե կույսի մասունքակիր Աջով Գրիգոր Լուսավորչի կամարի մոտ Ամենայն Հայոց Հայրապետը օրհնել է հոգևոր դասին և բարեպաշտ ժողովրդին։ Տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագի ավարտին սրբուհու մասունքակիր Աջով կատարվել է Անդաստանի կարգ: Այս տոնով մեկնարկում է Արարատյան շաբաթը։

 

Մայր Տաճարում տոնի առիթով կատարվել է Հանրապետական մաղթանք


Հանրապետության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք: Հոգևորականներն ու հավատացյալները աղոթել են Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Հանրապետական մաղթանքից հետո Միածնաէջ Մայր տաճարում Իջման Սուրբ Սեղանի առջև անդրանիկ եպիսկոպոսական պատարագն է մատուցել Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: Սրբազան Հայրը անցած կիրակի՝ Հոգեգալստյան տոնի օրն է Հայոց Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել ու օծվել:

 

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նրանց եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով և մաղթել արդյունավոր առաքելություն՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայրենիքի շինության համար։ Նորին Սրբությունը հորդորել է Սրբազան Հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել ազգային-հոգևոր կյանքը զորացնելու, մարդկանց հավատ և հույս ներշնչելու համար: Ձեռնադրությունից և օծումից հետո Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայրապետական պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետն աղոթել է ձեռնադրվողների համար` Սուրբ Հոգուց խնդրելով շնորհներ, որպեսզի ճշմարիտ հովիվներ լինեն: Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում ուխտի պատարագներ կմատուցեն:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Մայիսի 24-ին Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանին և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։

 

Այս տարի 43 շրջանավարտ ավարտել է Էօրնեկեան հանրակրթական դպրոց


Էօրնեկեան հանրակրթական դպրոցի 43 շրջանավարտները հաղթահարել են ուսումնական դժվարությունները, շատերը հանձնել են բուհական քննություններ, ընդունվել են Հայաստանի ու միջազգային համալսարաններ: Էօրնեկեանի 17-րդ սերունդն է դպրոցն ավարտում: Էօրնեկեան հանրակրթական դպրոցը հիմնադրել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դպրոցի շենքը կառուցվել է արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էօրնեկեանի հովանավորությամբ և կրում է նրա անունը:

 

Բագրատ սրբազանի 55-ամյակի առիթով հնչել է նրա և Դավիթ Ամալյանի հեղինակած «Իմ հայրենիք» երգը


Մասիսի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Լույսի հաղթություն» խորագրով երեկո՝ նվիրված Բագրատ արքեպիսկոպոսի 55-ամյակին: Սրբազանը տարեդարձը նշեց ապօրինի ազատազրկման մեջ։ Հավաքվել են Սրբազանի աջակիցները, նրա գործունեությունը գնահատող մտավորականներ ու արվեստագետներ:

 

Նորքի Հայորդյաց տան սաները Տաշիր արենայում ներկայացրել են Մանկական կրկեսային շոու


Տաշիր արենայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան սաները ներկայացրել են արվեստի սինթեզ՝ միաժամանակ հանդես են եկել Կրկեսային դպրոցը, «Նարեկ» պարային անսամբլն ու «Արմեններ» հարվածային գործիքների անսամբլը: Հայորդյաց տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը համերգներով, հյուրախաղերով եղել է միացյալ նահանգներում, Կանադայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բեյրութում, Թուրքիայում: