ԱՄՆ Արևմտյան թեմի հայտարարությունը


Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմը հայտարարությամբ հանդես է եկել՝ նշելով, որ Թեմական Խորհուրդը և Առաջնորդ Սրբազան հայրն աղոթական սրտով ու հոգևոր խորհրդածությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Թեմը վստահություն է հայտնել, որ ճշմարտությունը պիտի հաղթանակի, և թե՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, թե՛ Հայ Եկեղեցու կանոնական իրավունքը բարձր պիտի պահվեն ու հարգվեն։

 

Բրազիլիայի հայոց թեմն աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին


Օրերս տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Բրազիլիայի հայոց թեմի Ներկայացուցչական Խորհրդի Ընդհանուր ժողովը՝ թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի տնօրինությամբ և Անդրե Կիսաջիկյանի նախագահությամբ: Մտահոգություն հայտնելով Հայաստանում առկա քաղաքական ու եկեղեցական իրավիճակի վերաբերյալ՝ ժողովականները վերահաստատել են իրենց աջակցությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ ընդգծելով Հայ Եկեղեցու ինքնավարությունն ու արժանապատվությունը հարգելու անհրաժեշտությունը։

Սպահանի Հայոց թեմի զորակցությունը Վեհափառ Հայրապետին


Ազգային առաջնորդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որով աննախադեպ և վտանգավոր է նկատել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ արշավն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին թիրախավորելը, քանի որ, ցավոք, այս հարձակումն այսօր գալիս է ոչ թե թշնամուց, այլ հենց ՀՀ ներկա իշխանության կողմից։ Խստորեն դատապարտելով Եկեղեցու ինքնիշխանության և իրավունքների նկատմամբ ոտնձգությունը՝ առաջնորդարանը համոզմունք է հայտնել, որ մեր Եկեղեցին պատվով կանցնի նաև այս փորձությունը։

 

Թուրքիայի Հայոց Պատրիարքության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի


Օգոստոսի 10-ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր զորակցությունը հայտնելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին և սրբազան եպիսկոպոսներին: Պատրիարքությունը հորդորել է բոլոր պատասխանատուներին անխոցելի պահել Հայ Եկեղեցին, չվիրավորել նրա նվիրապետական արժանապատվությունը և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատական հակամարտությունների:

 

Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու կոչը՝ ի զորակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի


Մալանկարա Ուղղափառ Սիրիական Եկեղեցին խոր մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ և զորակցություն հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հոգևորականությանն ու հավատավոր ժողովրդին: Արևելյան Ուղղափառ քույր Եկեղեցին հորդորել է բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել զսպվածություն, հետամուտ լինել խաղաղ երկխոսության, պաշտպանել կրոնական ազատությունը և հարգել Հայ Եկեղեցու կանոնական անկախությունն ու ամբողջականությունը:

ԵՀԽ-ն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին


Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հայտարարությամբ խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված ներկա կացության և եկեղեցական ներքին գործերին անտեղի միջամտության վերաբերյալ։ Խորհրդի ղեկավարները հաստատել են Հայ Եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի կյանքում և հույս հայտնել, որ իրավիճակը կհանգուցալուծվի՝ ի նպաստ ողջ հայ ժողովրդի։

 

Միջազգային Ռոյթերս լրատվականի անդրադարձը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությանը


«Ռոյթերս» լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ սկսվող դատավարությանը՝ այն գնահատելով որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև խորացող հակասությունների հերթական սրացում։ Այս դատավարությունը եկեղեցու ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության մի շարք խմբերի և քաղաքական ուժերի կողմից դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում, որի նպատակը իշխանություններին քննադատողներին ճնշելն է։

 

Միջազգային ահազանգ՝ Հայաստանում կրոնական ազատությունը սպառնալիքի տակ է


«Քրիստոնեական միջազգային համերաշխություն» իրավական կազմակերպությունն ահազանգում է Հայոց Հայրապետի և վեց եպիսկոպոսների՝ քաղաքական դրդապատճառներով կեղծ մեղադրանքներով դատավարության մասին: Կառույցը կոչ է անում համայն աշխարհին համերաշխություն հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ընդդեմ մարդու հիմնարար իրավունքների հակասահմանադրական խախտումների։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներին


Օգոստոսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի ազգային և երկրորդական վարժարանների 17-18 տարեկան շրջանավարտներին ու նրանց ուղեկցող մանկավարժներին: Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին նախանձախնդրություն դրսևորել ուսումնառության մեջ, ապագայում օգտակարություն բերել հայրենիքին ու Մայր Եկեղեցուն և բացահայտել Սուրբ Էջմիածնի խորհուրդը:

 

Միջազգային ահազանգ․ Պետության ապօրինի միջամտությունը Եկեղեցու ներքին որոշումներին


Օգոստոսի 7-ին Էջմիածնում տեղի կունենա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը։ Կրոնական ազատության հարցերով զբաղվող միջազգային դիտորդական «Forum 18» կազմակերպությունն ահազանգում է, որ այս քրեական հետապնդումը խախտում է Հայ առաքելական եկեղեցու՝ Սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարությունը և պետության միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին։

 

Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում


2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն 8-12 տարեկան հայ տղաների և աղջիկների համար։ Հնամյա կրթօջախն առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան անգլալեզու որակյալ կրթություն, ինչպես նաև Հնդկաստանի առաջատար բուհերում անվճար ուսումը շարունակելու բացառիկ հնարավորություն։ Ճեմարանն ամբողջությամբ հոգում է աշակերտների ճանապարհածախսը, կեցությունը, սնունդը, հագուստը և բժշկական սպասարկումը։ Դիմելու և մանրամասների համար՝ +91 98 7498 7772 (WhatsApp)։

 

Սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Հուլիսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվել են ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրով աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած 30 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ։ Նրանք այցելել են թանգարան, ծանոթացել պահվող եզակի սրբություններին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ստանալով Հայրապետական օրհնությունն ու պատգամը։