Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյան


Մայր Աթոռի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Բաքու-Շամախինյան թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին ձերբակալում են 1938 թվականի փետրվարին, Էջմիածնում։ Խորհրդային առաջնորդների՝ Եռյակի անմիջական հրահանգով, խանդավառ կոմիսարները հակահեղափոխական ու ազգայնական ագիտացիայով զբաղվող «լրտեսներ» էին որսում ամբողջ երկրով մեկ՝ մուրճով, մանգաղով, դրոշով․․․ կարմիր տեռոր․ սա կարձանագրի հետագայում պատմությունը։ Բայց այդ մասին Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քննիչը չգիտի։

Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 4-րդ


1937թ.-ին Երևանի առաջնորդարանում ձերբակալվում է Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը: Քննչական մարմինները նրանից փորձում են ամեն կերպ կաթողիկոսի դեմ մեղադրանքներ կորզել: Քննիչներին հետաքրքրում էին Մուրադբեկյան կաթողիկոսի կապերը արտասահմանի հետ: Անհրաժեշտ էր պիտակավորել եկեղեցու գահակալին՝ որպես պետական դավաճան և գործակալ: Հիմնական թիրախը Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանն էր և հայտնի մտավորական Արշակ Չոպանյանը: Կաթողիկոսի կապը փարիզաբնակ Չոպանյանի հետ որակվում է որպես «լրտեսության անժխտելի ապացույց»: 1937թ.-ին եպիսկոպոս Սմբատյանցը գնդակահարվում է: 1955թ.-ին արդարացվում է հանցակազմի բացակայության պատճառով:
Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ  

Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 3-րդ


1921թ.-ի նոյեմբերի 17-ի՝ բոլշևիկյան իշխանության որոշմամբ հոգևորականները զրկվում են ընտրելու և ընտրվելու իրավունքից, արգելվում է կրոնական առարկաների դասավանդումը դպրոցներում: 1922թ. փետրվարի 2-ին ընդունված սահմանադրության 6-րդ հոդվածով եկեղեցին դադարում է իրավաբանական անձ լինելու, որևէ սեփականություն ձեռք բերելու իրավունքից: Դրան հետևում է եկեղեցուն պատկանող շարժական և անշարժ գույքի գրավումն ու դրանք պետական սեփականություն հռչակելը: 1930թ. լուծարվում են Սանահինի և Սևանի վանքերը: 1933թ. փակվում է Գեղարդի վանքը, հնագիտական փակ վայր է հայտարավում նաև Այրիվանքը: Հալածանքների և բռնադատումների հետևանքով 1938թ.-ին Մայր Աթոռում մնացել էր ընդամենը 7 հոգևորական: Գործում էր միայն Ս. Էջմիածնի մայր տաճարը:  
Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ

Բռնակարգի նահատակները, մաս 3-րդ. Հայ եկեղեցու քահանաներ


1930-1936թթ. բոլշևիկյան իշխանությունների կողմից բռնադատվել է 109 քահանա: Ընդհանուր առմամբ, մինչև 1938 թվականը Սովետական Հայաստանում բռնադատության է ենթարկվել 148 հոգևորական։ Նրանց նկատմամբ արձանագրվել է 209 բռնության դեպք՝ բանտարկություններից մինչև խոշտանգումներ ու գնդակահարություններ։ Հիմնական մեղադրանքը՝ հակախորհրդային ագիտացիա, ազգայնականություն և հակահեղափոխականություն: Եկեղեցականների դեմ հարուցված կեղծ քրեական գործերն ու շինծու մեղադրանքները բացահայտվել են տարիներ անց: Բոլոր բռնադատվածներն արդարացվել են հանցակազմի բացակայության պատճառով: Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում, նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի, սուրբ պատարագին, 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին: Հայ եկեղեցին բոլշևիզմ է տեսել և ապրել

Բռնակարգի նահատակները, մաս 2-րդ. Հայ եկեղեցու վարդապետներ


Տ. Տիրայր վարդապետ Դալլաքյան. Խորեն Ա կաթողիկոսի օգնականը և գավազանակիրը: Մեղադրվել է կասկածելի անձանց և զբոսաշրջիկների հետ կապեր հաստատելու և հակախորհրդային խոսակցություններ վարելու մեջ։ «Եռյակի» որոշմամբ 1937թ․ դեկտեմբերի 2-ին դատապարտվել է գնդակահարության: Արդարացվել է 1989թ․ սեպտեմբերի 25-ին։
Տ. Դանիել վարդապետ Զադոյան. Ախթամարի վարդապետը, Արամ Մանուկյանի զինակիցը: 1894թ․ ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից։ 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո անցել է Իսպահան, ապա՝ Խորհրդային Հայաստան: 1937թ․-ին «Եռյակի» որոշմամբ ձերբակալվել է և դատապարտվել գնդակահարության: Արդարացվել է 1989թ․ սեպտեմբերի 25-ին։ 
Տ․ Հովհաննես վարդապետ Հյուսյան․ Գեղարդավանքի վանահայրը, Կաթողիկոսի ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում: Մեղադրվել է  հակահեղափոխական ագիտացիա անելու մեջ և 1937թ․ սեպտեմբերի 21-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Վճիռը բեկանվել է 1940թ․ սեպտեմբերի 21-ին։
Տ․ Եղիշե վարդապետ Շահումյան․ 1931թ․ հոկտեմբերի 7-ին դատապարտվել է 3 տարի ազատազրկման։ Արդարացվել է 1989թ․ հունիսի 30-ին։
Տ. Եզնիկ վարդապետ Վարդանյան, Տ. Երեմիա վարդապետ Ստեփանյանց, Տ. Սուրեն վարդապետ Թորոսյան: Բռնադատվել են շինծու մեղադրանքներով և արդարացվել տարիներ անց՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում, նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի, սուրբ պատարագին, 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին:

Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 2-րդ


Խորեն Ա Մուրադբեկյան. Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում 1932թ.-ին: Ընտրության օրվանից պատժիչ մարմինների հսկողության տակ էր: Եկեղեցականների քննության ժամանակ խնդիր էր դրված վարկաբեկիչ տվյալներ հավաքել նրա մասին և ճնշում գործադրել կաթողիկոսի վրա: Նախ, ձերբակալվում և գնդակահարվում է կաթողիկոսի եղբայրը՝ Լևոն Մուրադբեկյանը: Նույն ճակատագրին է արժանանում նաև մյուս եղբայրը՝ Մարգարայի մաքսատան աշխատակից Սերգեյ Մուրադբեկյանը: 1938թ.-ին իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչության զոհ է դառնում նաև Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսը՝ սպանվելով Վեհարանում: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ

 

Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 1-ին


Բոլշևիկյան իշխանությունները եկեղեցու դեմ ակտիվ պայքարի են հանում «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով եկեղեցական ընդդիմությանը: Նրանք իրենց հռչակում են եկեղեցու բարենորոգիչ. պահանջում են վերացնել Հայ եկեղեցու նվիրապետական կարգը, բարձրաստիճան հոգևոր իշխանության դասը, կուսակրոնության կարգը, Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարեցնել գահից և նոր կաթողիկոս ընտրել, որը կլինի «ժողովրդինը», վերջապես՝ «եկեղեցին վերադարձնել հավատավորներին» և Հայ եկեղեցին սահմանափակել Խորհրդային Հայաստանի սահմաններում: Նրանց առջև դրված խնդիրը հատկապես Ս. Էջմիածնի միաբանների դեմ կեղծ մեղադրանքներ հավաքելն ու մատնագրեր սարքելն էր: Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Քաղխորհրդի որոշմամբ տրվում է «Ազատ եկեղեցական եղբայրությանը»: Այս աղանդը երկար կյանք չի ունենում: Դրա ղեկավար Աշոտ եպիսկոպոս Շախյանը 1927թ.-ին՝ մահվանից առաջ, աղերսագիր է գրում Գևորգ Ե կաթողիկոսին, որտեղ խոստովանում է իր կատարած քայլի սխալականությունը և խնդրում վերադարձնել իր կոչումը: Կարգալույծ եպիսկոպոսը վախճանվում է միայնության մեջ, նրան լքել էին նույնիսկ իր քաղաքական հովանավորները: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ

Իմ աշխարհը


2010թ.-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ 15 սարկավագ քահանայական ձեռնադրրություն և օծում է ստանում: Այսօր նրանք ծառայում են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերում: Օծակից եղբայրները ձեռնադրության 15-ամյա տարեդարձի օրը հավաքվեցին և այցելեցին իրենց հոգևոր ծնողին՝ ապօրինաբար անազատության մեջ գտնվող Մկրտիչ սրբազանին:

Մյուռոնի ճամփորդությունը


Մայր Աթոռում օրհնությունից հետո սրբալույս մյուռոնը ուղեւորվում է Հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմեր և նվիրապետական կառույցներ։ Մյուռոնի սափորը և հայրապետական կոնդակը դիմավորում են Երուսաղեմի, Բեթղեհեմի, Սիրիայի, Արգենտինայի, Ռուսաստանի, Արցախի հայերը: Հենց այդ սրբազան յուղով են աշխարհի տարբեր ծայրերում օծում եկեղեցիները, մկրտում հավատացյալներին, ձեռնադրում և օծում հոգևորականներին: Միայն հայ եկեղեցին ունի այս բաղադրությամբ ու նշանակությամբ օծման յուղ: Քրիստոնյա ժողովուրդներից միայն հայերն են մյուռոնի դրոշմը համարում իրենց ազգային ինքնության կնիքը:

Բովուրխանի վանքն Արցախում


Բովուրխանի վանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Կառուցվել է 17-րդ դարում, պատմական Արցախի Վարանդա գավառում: Վանական համալիրը Վարանդայի մելիքների ամառային նստավայրն էր: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Բովուրխանի վանական համալիրը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին Արցախում


Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին 20-րդ դարում անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին եկեղեցին է: Օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Բերձոր քաղաքի հետ եկեղեցին 2022թ.-ին անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: 2024 թվականի մայիսի արբանյակային լուսանկարները փաստում են, որ այն հիմնահատակ ոչնչացվել է Ադրբեջանի կողմից: Եկեղեցու կանխամտածված ոչնչացումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։

 

Գանձասարն Արցախում


Գանձասարի վանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է, Վանք գյուղի մոտ: Արցախի Խաչեն գավառի իշխան Հասան Ջալալ Դոլան Ս. Հովհաննես եկեղեցու կառուցումն սկսում է 1216 թվականին: Շինարարությունը տևում է 22 տարի: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Գանձասարի վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է: