Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ թբիլիսահայ հավատացյալների երկու խումբ ուխտագնացության է մեկնել Լոռու մարզի սրբավայրեր: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում փետրվարի 27-ին հայկական ծեսով երեկոյան ժամերգություն է կատարվել Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնի առթիվ: Մարտի 6-ից 8-ը Նիդեռլանդներում Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդները մասնակցել են եռօրյա հավաքի

 

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ազատ է արձակվել


Վերաքննիչ դատարանի որոշմամբ նախնական կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Սրբազանին արգելված է Վաղարշապատի տարածքից դուրս գալ, արգելված է շփումներ ունենալ գործով վկաների հետ: Նա մեկուսարանում էր դեկտեմբերի 4-ից։ Նրան մեղադրանք են առաջադրել նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով, թեեւ մինչեւ օրս որևէ ապացույցի չի ներկայացվել վերագրվող հանցանքի վերաբերյալ։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին


Հայոց հայրապետի և Պապական նվիրակի հետ հանդիպմանը անդրադարձել են Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը: Նրանք քննարկել են տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակն ու Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունները։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ


Այն բոլոր երկրներում, որոնք անմիջականորեն կամ անուղղակիորեն ներքաշվել են ռազմական գործողությունների մեջ, կան հայկական համայնքներ: Գարեգին Երկրորդ ամենայն հայոց Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ:

 

Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի միջազգային փորձաքննությունը պատրաստ է


Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը գրել է, որ նախորդ տարվա նոյեմբերին, տեսագրությունների իսկությունը պարզելու համար դրանք ուղարկել է միջազգային փորձաքննության: Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

 

Հայաստանը վերջին երկիրն էր, որտեղ կարելի էր պատկերացնել բանտարկված արքեպիսկոպոս․ Ջոել Վելդքամփ


Կրոնական հարցերով մասնագիտացված լրատվամիջոցում հրապարակվել է Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային իրազեկման հարցերով տնօրեն Ջոել Վելդքամփի «Այցելելով հայ արքեպիսկոպոսին բանտում» հոդվածը։ Միջազգային դիտորդը ներկայացնում է իր այցը Հայաստան՝ հալածվող քրիստոնյաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի կազմում, և բանտում Բագրատ արքեպիսկոպոսի հետ հանդիպումը։ Նա հոդվածում նկատել է, որ Փաշինյանը դիմել է հին խորհրդային մեթոդներին։ Նա հավաքել է ապստամբ եպիսկոպոսների մի խումբ, որոնք կոչ են անում «բարեփոխել» եկեղեցին, ինչպես բոլշևիկները 1920-ականներին օգտագործեցին «ազատ եկեղեցու» հոգևորականների մի խմբակի՝ պառակտում հրահրելու համար։

 

Սփյուռքի առաջնորդները կոչ են արել բոլոր հայերին պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին


Հայկական Սփյուռքի առաջնորդները բաց նամակով Հայաստանի կառավարությանը զգուշացնում են, որ եկեղեցին հալածելու պատճառով իշխանությունը վտանգում է կտրել կապը Սփյուռքի և համաշխարհային հանրության հետ: Ըստ նրանց՝ եկեղեցու առաջնորդների վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար։ Նամակը ստորագրել են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը։ Նրանք կոչ են անում սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայները և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում։

 

Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգեւորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16-19-ին Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում: Իշխանությունը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի՝ երկրից չբացակայելու արգելք է դրել: Հեռավար մասնակցությունը ժինդիր չի կարող առաջացնել իրավաչափության և ընդունված որոշումների վիճարկման հարցում։

Լոս անջելեսի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել ի պաշտպանություն Մայր Աթոռի


Լոս անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Բրբենքի առաջնորդանիստ սրբոց Ղևոնդյանց եկեղեցու մոտ ի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ամենայն հայոց հայրապետի, ինչպես նաև ընդդեմ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Նրանք պատասխան են պահանջել թեմի առաջնորդից և թեմական խորհրդից՝ եկեղեցին հալածողների դաշնակցելու համար:

 

Վիրահայերը հանրահավաք են կազմակերպել ի զորակցություն հայ առաքելական եկեղեցու


Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ երբ հոգևորականները բարձրաձայնում են ճշմարտությունը՝ նրանց պատասխանում են նվաստացմամբ և ձերբակալությամբ։ Երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում պաշտպանում է Արցախի մշակութային ժառանգությունը, նրան մեղադրում են ռևանշիզմի մեջ։ Վիրահայերը համարում են, որ սա պատահականություն չէ, այլ մտածված քաղաքականություն՝ հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը թուլացնելու և ազգային պետության բովանդակությունը արժեզրկելու համար:

 

Կարգալույծ արված Արման Սարոյանը դատի է տվել Մայր Աթոռին և դատարան չի ներկայացել


Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ հռչակված Արման Սարոյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։ Մայր Աթոռի փաստաբանն ընդգծել է, որ աշխարհիկ դատարանը և դատավորը չեն կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին, դա ամրագրված է Հայաստանի պետական օրենքով, ինչպես նաև՝ միջազգային իրավունքի նորմերով: Հետևաբար նման վեճը ենթակա չէ դատարանում քննության քաղաքացիական դատավարությամբ:

 

Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Բաքվում պահվող գերիների հարցով դիմել է ԱՄՆ փոխնախագահին


Արամ Առաջինը Ջեյմս Վենսին հիշեցրել է, որ միջազգային օրենքը հստակորեն ընդգծում է ռազմագերիներին ազատ արձակելու և հոգևոր մշակութային կոթողների պաշտպանության կարևորությունը: Կիլիկիո կաթողիկոսարանից հայտնել են, որ նամակը արդեն հանձնվել է ԱՄՆ փոխնախագահին: Ջեյմս Վենսը հաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան և Ադրբեջան: